Պետական խորհրդանիշեր

Հայկական դրոշը

Կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից` ներքև) հորիզոնական հավասար շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ` լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ:

Զինանշանը

Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը:

                                                 Որտե՞ղ է գտնվում Հայաստանը

Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի և Ճապոնիայի հետ միասին, աշխարհի վեց հնագույն երկրների կազմում է, որոնք կարողացել են անցնել հազարամյակների միջով և հասնել մինչև մեր օրերը։ Ինչպես նաև առաջին երկիրն է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն (301թվ)։ Գտնվում է արևմտյան Ասիայում, Անդրկովկասի հարավում։ Սահմանակից է Վրաստանին (սահմանի երկարությունը՝ 219 կմ), Ադրբեջանին (566 կմ), Իրանին (44 կմ), Թուրքիային (311 կմ)։Տարածքը՝ 29.743 քառ. կմ։ Հայաստանի մայրաքաղաքն է Երևանը, զբաղեցնում է 300 քառ. կմ տարածք։ Պետական լեզուն հայերենն է։
Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29 800 քառ. կմ, գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090 մ), իսկ ամենացածրը՝ Դեբեդ գետի կիրճը (400 մ):Սևանա լճի մակերեսը՝ 4.890 քառ. կմ, ծովի մակերևույթից բարձրությունը՝ 1900 մ։Ըստ 2019թ.-ի անցկացրած մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 3 միլիոն, որից 1.1 միլիոնը ապրում է Երևանում:
Հայաստանի Հանրապետությունը նախկին ԽՍՀՄ միակ երկիրն է, որը գրեթե միատարր բնակչություն ունի (98,6%-ը հայեր են)։ Բնակչության 92,6%-ը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է։Հայաստանի ազգային խոշոր փոքրամասնություններից են եզիդները, ռուսները, ասորիները, հույները, հրեաները և այլք։

                                                   Հայաստանի կառավարությունը

Հանրապետության նախագահը – պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:2022թ.-ի մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը:

Հանրապետության Վարչապետը – հանդիսանում է կառավարության գլուխը և ավագ նախարարը։ Վարչապետը նշանակվում է Հայաստանի նախագահի կողմից՝ Ազգային Ժողովի քվեարկության հիման վրա։ 2018թ.-ի մայիսի 8-ից ՀՀ գործող վարչապետն է Նիկոլ Փաշինյանը։

                                                       Ազգային արժույթը

Ազգային արժույթն է հայկական դրամը։ 1 դրամը հավասար է 100 լումայի, բայց լուման ներկայում չի օգտագործվում։Վճարումները կատարվում են միայն ազգային արժույթով՝ դրամով։ Շրջանառության մեջ են գտնվում 1000, 5000, 10.000, 20.000, 50.000, 100.000 անվանական արժեքով թղթադրամներ, ինչպես նաև 10, 20, 50, 100, 200, 500 դրամանոց մետաղադրամներ։Արժույթի փոխանակման կետեր կան յուրաքանչյուր քայլափոխի։ Դրանցում ընդունվում են ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի, վրացական լարի։ Անձնագիր ներկայացնելը պարտադիր չէ։ Բանկոմատների հետ կապված խնդիրներ նույնպես չեն ծագում։ Ինչպես արժույթի փոխանակման կետերը, բանկոմատները նույնպես գտնվում են ամեն քայլափոխի։

Բոլոր տարադրամների ճշգրիտ փոխարժեքներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական կայք:

                            Կլիմա

Հայաստանյան կլիման չոր արևադարձային է: Տարվա մեջ գերիշխում են հիմնականում արևաշատ օրերը (ավելի քան 300 օր՝ 1 տարվա ընթացքում): Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22C-ից +36C-ի միջև: Ձմեռները հիմնականում ցուրտ են՝ միջինը -15C-ից մինչև -1C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներին ծավալվում են ալպյան մարգագետինները:
Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են լեռնադահուկային սպորտով և այլ ձմեռային մարզաձևերով, Հայաստանը ճիշտ ընտրություն է: Հայաստան այցելելու լավագույն սեզոնը համարվում է գարունը կամ աշունը, քանի որ այդ ժամանակ եղանակը մեղմ է, իսկ բնությունը՝ ոգեշնչող: Մինչդեռ, այն մարդկանց համար, որոնք գերադասում են արևը և տաք եղանակը, Հայաստանը կատարյալ է ամռան ընթացքում:

Հայաստանի բնական պաշարները

Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր, և նրա ընդերքը հարուստ է լեռնահանքերով։ Երկիրն ունի տուֆի, մարմարի, տրավերտինի, օբսիդիանի, պեմզայի և այլ քարատեսակների մեծ պաշարներ, որոնք զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ մեկ երրորդը։ Դժվար է գտնել երկրորդ մի այսպիսի տարածաշրջան, որտեղ քարատեսակների այսքան առատություն լինի։ Երկրի տարածքում ավելի քան 450 հանքավայր կա, որոնցից արդյունահանվում են ավելի քան 60 տեսակի օգտակար հանածոներ։Երկիրը հարուստ է նաև պլատինի, ոսկու հանքերով (Սոդք, Մեղրաձոր և այլն), ինչպես նաև թանկարժեք և գունավոր այլ մետաղներով։ Հատուկ արժեք են ներկայացնում մոլիբդենի հանքերը ։ Մոլիբդենի պաշարները կազմում են համաշխարհային պաշարների 8%-ը։Հայաստանի տարածքն աչքի է ընկնում նաև հանքային ջրերի բազմաթիվ ակունքներով (Ջերմուկ, Դիլիջան, Բջնի, Արզնի և այլն)։ Շատ ակունքներ ունեն բուժիչ հատկություններ։

                                                 Պատմական տեղեկություններ

1990թ. օգոստոսի 23-ին  Ընդունվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը

1991թ. սեպտեմբերի 21-ին  Անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հանրաքվե

1991թ. դեկտեմբերի 21-ին  Հայաստանը դարձել է Անկախ պետությունների համագործակցության անդամ

1992թ. հունվարի 30-ին  Հայաստանը դարձել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ

1992թ. մարտի 2-ին  Հայաստանը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության անդամ

1992թ. մայիսի 28-ին  Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ

1992թ. մայիսի 15-ին  Հայաստանը դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ

1992թ. հունիսի 25-ին  Հայաստանը դարձել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ

1992թ. սեպտեմբերից  Հայաստանը դարձել է Համաշխարհային բանկի անդամ պետություն

2001թ. հունվարի 25-ին  Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ

2003թ. փետրվարի 5-ին  Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ

2012թ. հոկտեմբերի 13-ին  Հայաստանի Հանրապետությունը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

2014թ. հոկտեմբերի 10-ին  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը

2017թ. նոյեմբերի 24-ին  Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: