«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է ՀՀ մայրաքաղաք Երևանում 2004-ին: Փառատոնը հիմնել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիան` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Այն նաև Հայաստանի պատմության արտացոլումն է, որը դարեր շարունակ մրցակցող աշխարհաքաղաքական ուժերի համար բռնկման կետ է հանդիսացել: Փառատոնը հատկապես ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները:Ամենամյա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բազմաժանր ֆիլմերի միջոցով հանդիսականի դատին է ներկայացնում տարբեր ազգերի, էթնիկ և կրոնական խմբերի ունեցած մարդկային առատ փորձը: Ֆիլմերը ներկայացվում են միջազգային մրցութային երկու ծրագրերում` խաղարկային և վավերագրական: Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ: Փառատոնն ունի նաև հատուկ համահայկական մրցութային բաժին` «Հայկական համայնապատկեր»: Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք, որով հայտնի է Հայաստանը:
Մեկ շաբաթ շարունակ հայկական ու միջազգային կինոյի տոնը մայրաքաղաքում իր շուրջ է հավաքում կինոաշխարհի գործիչներին եւ կինոսիրողներին: Առաջին ալիքի եթերում «Ոսկե ծիրան»-ի տոնական անցուդարձը ներկայացվում է ինչպես օրագրերի, այնպես էլ բացառիկ հարցազրույցների շարքով:
Comment (0)