from 0 review
11-12 ч
Daily Tour
4 people
Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Այս էքսկուրսիան սկսվում է Խոր Վիրապ վանքի այցելությունից՝ Հայաստանում Բիբլիական Արարատ լեռանն ամենամոտ կետից: Հենց այստեղ է, որ կարող եք հիանալ դեպի լեռը բացվող աննկարագրելի գեղեցիկ տեսարաններով: Այնուհետև Դուք կայցելեք Նորավանքը՝ բացառիկ իր կառուցվածքով՝ հանդիսանալով միակ երկհարկանի վանքը Հայաստանում: Հաջորդ կանգառը Ջերմուկ առողջարանային քաղաքն է՝ շրջապատված գեղատեսիլ բնությամբ, որի մի մասն է կազմում հայտնի ջրվեժը: Քաղաքը հայտնի է հանքային ջրերի պատկերասրահով, որտեղ կարելի է համտեսել տարբեր ջերմաստիճանի աղբյուրի ջուր: Էքսկուրսիայի վերջում կայցելեք «Հին Արենի» գինու գործարանն Արենի գյուղում, որը Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է և այսօր հայտնի է գինիների արտադրությամբ: Այստեղ հայտնաբերվել է 6000 տարվա հնության գինու գործարան:
Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:
Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:
Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: Հին Արենի գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: Հին Արենի գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:
Վայոց Ձորի հյուսիս-արևելյան մասում է գտնվում հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը: Այստեղի հանքային ջրերի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել դեռևս վաղ միջնադարից: Այցելուների համար կառուցված է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջրերի մատակարարումն իրականացվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի, որը տատանվում է 30°-ից մինչև 50°: Ջերմուկի կլիմայական առանձնահատկությունները, հիանալի բնությունը, բացարձակ մաքուր օդը գերազանց հնարավորություն են ստեղծում հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար: