from 0 review
9-10 часов
Daily Tour
4 people
Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Հայաստանի ամենատպավորիչ տեսարժան վայրերն այստեղ են՝ Ձեզ զարմացնելու: Այցելեք Խոր Վիրապի վանքը՝ հիանալի վայր Արարատ լեռան ամենագեղեցիկ տեսարանները վայելելու համար, տեսեք Նորավանքը, որը յուրահատուկ է իր կառուցվածքով, քանի որ Սուրբ Աստվածածին եկեղեցին միակ երկհարկանի վանքն է Հայաստանում: Այնուհետև համտեսեք գինի «Հին Արենի» գինու գործարանում՝ Արենի գյուղում, որը Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է՝ հայտնի իր գինիներով: Էքսկուրսիայի ամենավերջում այցելեք «Թռչունների քարանձավ»-ը՝ հայտնի նաև Արենի-1 անվանումով:
Հայաստանյան ձմեռային էքսկուրսիաների շարքում ընդգրկված հիմնական տեսարժան վայրերից է Խոր Վիրապը՝ վանական համալիր, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խորը փոս: Վանական համալիրը համարվում է հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից և ուխտագնացության վայրերից մեկը: Խոր Վիրապի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստն այն է, որ վանքը կառուցվել է թագավորական բանտի վայրում, որտեղ էլ 13 տարի բանտարկված է եղել առաջին կաթողիկոս և հայոց առաքելական եկեղեցու առաջին ղեկավար՝ Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրի տարածքից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական լեռ՝ Արարատ, որն անմոռանալի տպավորություն է թողնում հատկապես ձմռանը, երբ ամբողջությամբ ծածկվում է ճերմակափայլ ձյան շերտով:
Նորավանքի վանական համալիրը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված կիրճում: Այն հիմնադրվել է XII դարում ավելի վաղ գոյություն ունեցած երկու հնագույն եկեղեցիների տարածքում: Համալիրը կառուցվել է նշանավոր ճարտարապետներ Սիրանեսի և Մոմիկի կողմից ու հանդիսացել է Վայոց Ձորի մարզի ամենաճանաչված հոգևոր կենտրոն և սրբատեղի: Նորավանքը միջնադարյան ճարտարապետության հոյակապ ստեղծագործություն է: Այն անկրկնելի գեղեցիկ տեսք է ստանում հատկապես հայաստանյան ձյունառատ ձմռան օրերին, երբ կարմիր ժայռերի խորհրդավոր երանգը ներդաշնակորեն համադրվում է ճերմակ ձյան փայլի ու լույսի հետ՝ դարձնելով վանական համալիրը Հայաստանի ձմեռային տուրերում ընդգրկված ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:
2013 թ-ին հիմնադրվելով Կարապետյանների ընտանիքի կողմից, ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու գործարանը համադրում է գինեգործական ավանդույթները ժամանակակից սարքավորումների հետ: Այն նախագծվել է արգենտինացի հայտնի մասնագետ Մարիո Խապասի կողմից: Մեր խորհրդատու գինեգործ, Դիդյե Կորնիյոնը, նույնպես Ֆրանսիայից է։ Գինին պահվում է ջերմաստիճանային կարգավորմամբ չժանգոտվող պողպատից պահամաններում եւ հնեցվում է Արցախյան կաղնե տակառներում: Գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող: Հարկ է նշել որ ՀԻՆ ԱՐԵՆԻ-ի բոլոր գինիները պատրաստվում են 100 % Սեւ Արենի և 100 % Ոսկեհատ խաղողի տեսակից:
Արենի քարանձավը, որը նաև անվանում են Թռչունների քարանձավ գտնվում է ժայռի մեջ և իրենից ներկայացնում է նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա։ Քարանձավի տեղակայվածությունը հնարավորություն է տալիս այցելել այնտեղ նույնիսկ ձմռան ամիսներին՝ Հայաստանում ձմեռային հանգիստն անցկացնելու ընթացքում: Այստեղ 2007 թվականից սկսած իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում պեղվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին թվագրված բազմաթիվ գտածոներ` ամանեղեն, բուսական մնացորդներ, ծիրանի ու խաղողի կորիզներ, կանացի գանգեր և այլն: Քարանձավում հայտնաբերվել է գինեգործության 5000 – 5500 տարվա հնության արտադրամաս, որն համարվել է գինու՝ աշխարհի հնագույն արտադրամասը: Քարանձավում կատարվող պեղումների ժամանակ գտնվել է նաև աշխարհի ամենահին կոշիկը, որը լցոնված է եղել խոտով, որպեսզի պահպանի իր ձևը: Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ պեղված կոշիկն ունի 5637-5387 տարվա վաղեմություն։