from 0 review
3 օր / 2 գիշեր
Daily Tour
4 people
Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Այս անհատական տուրը նախատեսված է 1-ից 4 անձի համար արժեքը 140000 դրամ: 4-ից 6 հոգի արժեքը 200000 դրամ։
Այս 3 օր/2 գիշեր տևողությամբ էքսկուրսիայի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք այցելել Հայաստանի հյուսիսի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը: Ծրագրում են՝ Ծաղկաձորը, Կեչառիս վանական համալիրը, ճոպանուղով պտույտը, մեր լեռնային երկրի մարգարտի՝ Սևանա լճի այցը, Դիլիջանն իր ուրույն եկեղեցական համալիրներով; Ախթալայի ամրոցը, որը տեղակայված է առաջին հայացքից թերակղզի հիշեցնող, երեք կողմերից խոր կիրճերով շրջապատված, բարձրավանդակի վրա, Հաղպատ և Սանահին վանքերը՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, 13-րդ դարի Քոբայրի վանքը, մեծությամբ երկրորդ քաղաքը Հայաստանում՝ Գյումրին; Արագած լեռան արևմտյան լանջին տեղակայված Հառիճավանքը, միջնադարյան ամրոց Դաշտադեմը և, վերջապես, 7-րդ դարում կառուցված Առուճ եկեղեցին:
Ծաղկաձոր քաղաքը (թարգմանաբար՝ ծաղիկների ձոր) համարվում է Հայաստանի ամենահայտնի և հյուրընկալ վայրերից մեկը՝ այն փոքրիկ անկյուններից, որտեղ բնության գեղեցկությունը դրսևորվում է իր ամբողջ բազմազանությամբ:
Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում՝ Երևանից 60 կմ դեպի հյուսիս՝ Թեղենիս սարի արևմտյան լանջին՝ շրջապատված բազմերանգ անտառներով ու ալպիական մարգագետիններով:
Կեչառիսը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արևմտյան մասում: Կառուցվել է 11-13-րդ դդ.-ում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաև միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:
Գոշավանքը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական և աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Սուրբ Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ.-ին կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է որպես վարժարան, համալսարան, ուր ստեղծվել ու պահվել են բազմաթիվ ձեռագրեր:
Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանքը բնության և ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակ է: Հիմնադրվելով 10-11-րդ դդ.-ում` վանքը համալրվում է նոր կառույցներով 12-13-րդ դդ.-ում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու հարակից այլ շինություններից: Ճարտարապետական հմուտ մտահղացմամբ առանձնապես աչքի է ընկնում վանական սեղանատունը: Ժամանակին այս ամենը համալրում էր բակում աճող ընկուզենին, որը գրեթե վանքի տարիքին էր: Ցավոք, ներկայումս մնացել է ծառի փչակի փոքր մասը միայն, որը, այդուհանդերձ, մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ: Մի բարի ավանդույթ կա այս ծառի հետ կապված, համաձայն որի, եթե մարդուն հաջողվում է երազանք պահելով զուգահեռ անցնել ծառի փչակի միջով, ապա մոտ ապագայում երազանքն իրականություն է դառնում:
Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ և մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստև գետի ափին և հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արևը, անտառային թարմ օդը և հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:
Ախթալայի ամրոցը գտնվում է Լոռու մարզում և տեղադրված է առաջին հայացքից թերակղզի հիշեցնող, երեք կողմերից խոր կիրճերով շրջապատված, բարձրավանդակի վրա: Ճիշտ օգտագործելով բնական դիրքը՝ այստեղ 10-րդ դարում կառուցում են ամրոց, որն ամրացված է բարձր պարիսպներով, իսկ գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակները: Ամրոցի տարածքում է գտնվում Ախթալայի վանքը՝ բաղկացած երեք եկեղեցուց: Գեղարվեստական տեսանկյունից հատկապես մեծ ուշադրության են արժանի գլխավոր եկեղեցու որմնանկարները:
Սանահինից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցական այս համալիրն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում և ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Սանահինի վանքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին` Լոռու կանաչապատ անկյուններից մեկում: Ճարտարապետական այս բարդ համակառույցը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, գրադարան-մատենադարանից, դպրանոցից: Առանձին հիացմունք է առաջացնում Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիներն իրար կապող ճեմարանի շենքը, ի սկզբանե լինելով ճարտարապետների հմուտ հնարք, որով այս երկու եկեղեցիներին բարձր սեյսմակայունություն է հաղորդվել: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
13-րդ դարում Քոբայրը կառուցելիս՝ ճարտարապետների ու վարպետների երևակայությունը հասել է զարմանալի ձեռքբերումների: Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, մատուռներից, սեղանատնից: Այս ամենը կառուցված է մի զառիվեր, դժվարամատչելի ժայռաբազուկի վրա՝ շրջապատված բազմաթիվ քարանձավներով: Ամբողջ համալիրը թվում է, թե ուղղակի ներաճած է ժայռերի մեջ ու բնության անբաժանելի մաս է կազմում:
Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երևանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Այստեղ շատ խորն են ազգային ավանդույթները, իսկ ոգին յուրահատուկ կերպով արտահայտվում է գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռևս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, և փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը, ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում բնակելի հին տները, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, դիմացավ սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական աշխատանքների ուրույն լուծումներով, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Ի սկզբանե Գյումրին եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում. հենց այս քաղաքում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական «Անուշ» օպերան:
Արագած լեռան արևմտյան ստորոտին՝ ժայռոտ հրվանդանի վրա է գտնվում Հառիճավանքը: Ըստ հետազոտողների ենթադրության՝ այն հիմնադրվել է 7-րդ դարում: 13-րդ դարում կառուցվում են համալիրի գլխավոր եկեղեցին ու գավիթը: 19-րդ դարում վանքը դառնում է կաթողիկոսների ամառային նստավայր: Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում վանքային համալիրից ոչ շատ հեռու գտնվող փոքրիկ մատուռը` կառուցված մի ժայռաբեկորի վրա, որը երկրաշարժի ժամանակ առանձնացել է ընդհանուր ժայռազանգվածից և թեք վիճակում, գրեթե անվնաս հասել մեր օրեր:
Դաշտադեմի բերդը գտնվում է Թալին քաղաքին կից՝ համանուն գյուղում: Արագածոտնի մարզում հանդիպող միջնադարյան այն ամրոցներից է, որոնք կառուցվել էին Արարատյան դաշտը հարձակումներից պաշտպանելու համար: Ամրոցի հիմքերը դրվել էին դեռ ուրարտական ժամանակներից: Միջնաբերդը կառուցվել է Կամսարական իշխանների կողմից, ովքեր մարզում լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարել: Բագրատունիների թագավորության անկումից հետո Հայաստանի մեծ մասն անցնում է սելջուկյան սուլթանության հսկողության տակ: 12-րդ դարի վերջին քաղաքամայր Անիի կառավարիչ Սուլթան իբն Մահմուդն այստեղ կառուցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր` այդ մասին թողնելով արաբատառ արձանագրություն: Զաքարյան իշխաններն ամրոցի շուրջը կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցել, իսկ հյուսիսային պատին կից կանգնեցրել միանավ թաղածածկ եկեղեցի: 19-րդ դարի սկզբին Երևանի Հուսեյն խանը անկյունային ութ աշտարակներով ու բավականաչափ հաստ պատերով պարիսպ է կառուցում, ինչի շնորհիվ էլ ամրոցը դառնում է խոշորագույնը Հայաստանի տարածքում:
Երևանից 40 կմ հեռավորության վրա է գտնվում Առուճ գյուղը, որի տարածքում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ: Այստեղ է գտնվում Հայաստանում ամենամեծ եկեղեցիներից մեկը` Սբ. Գրիգոր գմբեթավոր համալիրը: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և մեծ հետաքրքրություն է առաջացնում հատկապես իր որմնանկարներով, որոնք, թեպետ ամբողջովին չեն պահպանվել, բայց վառ կերպով արտացոլում են այդ ժամանակների վարպետությունը: Եկեղեցու գմբեթն անցյալում ավերվել է և այժմ նրա համար գմբեթ է ծառայում անհատակ երկինքը, որի գունային անցումները թվում է, թե շարունակում են որմնանկարների սյուժեն: Եկեղեցու կողքին պահպանվել են պալատական մի կառույցի ավերակներ, իսկ գյուղի մեջ՝ նաև կիսաքանդ քարավանսարա՝ կառուցված 13-14-րդ դդ.-ում:
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների: