from 0 review
12-13 ժ
Daily Tour
4 people
Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Այս երկարատև ու հետաքրքրաշարժ էքսկուրսիան սկսվում է 10-րդ հարյուրամյակի վեհաշուք Հաղպատ վանքի այցելությամբ: Այստեղ 18-րդ դարի վերջում ապրել և ստեղծագործել է հայտնի աշուղ Սայաթ-Նովան: Հաջորդը Սանահին վանքն է, որը հնարավորություն կտա Ձեզ ծանոթանալու 10-րդ դարի ճարտարապետների վարպետությանը. վերջինիս շնորհիվ վանքին յուրահատուկ ճարտարապետական լուծում է հաղորդվել՝ պաշտպանելով այն հնարավոր երկրաշարժերի հետևանքներից: Երկու տեսարժան վայրերն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում և համարվում են Լոռվա մարզի մարգարիտները: Վերջում կայցելեք Ախթալայի վանքը, որը բաղկացած է երեք եկեղեցուց և գտնվում է համանուն ամրոցի տարածքում: Այս ուղևորությունից հետո իրական ոգեշնչումը երբեք չի լքի Ձեզ:
Սանահինից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցական այս համալիրն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում և ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Սանահինի վանքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին` Լոռու կանաչապատ անկյուններից մեկում: Ճարտարապետական այս բարդ համակառույցը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, գրադարան-մատենադարանից, դպրանոցից: Առանձին հիացմունք է առաջացնում Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիներն իրար կապող ճեմարանի շենքը, ի սկզբանե լինելով ճարտարապետների հմուտ հնարք, որով այս երկու եկեղեցիներին բարձր սեյսմակայունություն է հաղորդվել: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Ախթալայի ամրոցը գտնվում է Լոռու մարզում և տեղադրված է առաջին հայացքից թերակղզի հիշեցնող, երեք կողմերից խոր կիրճերով շրջապատված, բարձրավանդակի վրա: Ճիշտ օգտագործելով բնական դիրքը՝ այստեղ 10-րդ դարում կառուցում են ամրոց, որն ամրացված է բարձր պարիսպներով, իսկ գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակները: Ամրոցի տարածքում է գտնվում Ախթալայի վանքը՝ բաղկացած երեք եկեղեցուց: Գեղարվեստական տեսանկյունից հատկապես մեծ ուշադրության են արժանի գլխավոր եկեղեցու որմնանկարները:
Զբոսաշրջիկի ապահովության եւ հարմարավետության համար ընտրված են բարձրակարգ ավտոբուսներ, որոնք համալրված են օդափոխիչներով, հեռուստացույցերով, հարմարավետ բացվող նստարաններով եւ առաջին բուժօգնության պարագաներով: Հմուտ վարորդների շնորհիվ Ձեր ուշադրությունը ամբողջովին կկենտրոնանա վայրերի ուսումնասիրության վրա: Գիշերելու համար ընտրված են տվյալ քաղաքի լավագույն հյուրանոցները:
Խմբի գիդը տուրի ընթացքում տալիս է լիարժեք տեղեկություն բոլոր վայրերի մասին, որոնք նախատեսված են երթուղով:
Տուրը իրականացվում է բացառապես մշակված երթուղիով: Ամբողջ խմբի համաձայնության դեպքում կարող են լինել բացառություններ, եթե կա ցանկություն այցելել երթուղուն մոտ գտնվող վայրեր: Հակառակ դեպքում լրացուցիչ վճարի պարագայում հնարավոր է կազմակերպել ուղեւորություն որեւէ այլ վայր ուղեկցորդի հետ միասին:
Հուշանվերներ կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են թե՛ ժամանակակից արվեստի գործեր, թե՛ հնաոճ իրեր: Դուք կարող եք գտնել հուշանվերների խանութներ Աբովյան և Թումանյան փողոցների վրա:
Պատրաստվում եք այցելել Հայաստան ընտանիքի՞ հետ: Հիանալի է: Երեխաների հետ հանգստի համար Հայաստանն առաջարկում է ժամանցի մի շարք տարբերակներ՝ մանկական սրճարաններ, ժամանցային կենտրոններ, կենդանաբնական այգի, ջրաշխարհ… Հայաստանում երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա: Դա է պատճառը, որ հասարակական ցանկացած վայրում հարմարավետ հանգստի համար կտրամադրվի ցանկացած անհրաժեշտ պարագա և ծառայություն՝ մանկական ճաշացանկ, հատուկ բարձր աթոռ և այլն: