from 0 review
7-8 ժամ
Specific Tour
4 people
Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Այս անհատական էքսկուրսիայի մեջ ներառված է Հայաստանի՝ Արագածոտնի մարզի հետաքրքիր պատմական տեսարժան վայրերից մի քանիսի այցելությունը: Առաջին կանգառը կլինի Սաղմոսավանքի մոտ, որը գտնվում է Քասախ կիրճի տարածքում, իսկ հաջորդ կանգառը՝ Տառերի պուրակի մոտ, որտեղ կարելի է նկարվել քարե վսեմ տառերի հետ: Իր պատմությամբ և գեղատեսիլ տեղանքով Ձեզ կհմայի 7-րդ դարի Ամբերդ ամրոցը, որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին: Ծրագրի ավարտին նախատեսված է Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու այցելությունն Օշական գյուղում, որտեղ թաղված են հայոց այբուբենի ստեղծողի մասունքները, ինչպես նաև այցելությունը Կարմրավոր եկեղեցի, որը, ենթադրաբար, իշխանական տոհմերից մեկի համար ծառայել է որպես մատուռ:
Սաղմոսավանքը հայկական առաքելական վանական համալիր է, որը տեղակայված է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Քասախ գետի ձախ՝ բարձրադիր գեղատեսիլ հատվածում: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ 1215 թվականին Վաչե Վաչուտյանն իր կնոջ՝ Մամախաթունի հետ կառուցում են Սաղմոսավանքի գլխավոր` Սուրբ Սիոն եկեղեցին, որն արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է, բոլոր անկյուններում ունի երկհարկ ավանդատներ։ Սաղմոսավանքի գավիթը կառուցվում է 13-րդ դարի առաջին քառորդում։ Սուրբ Սիոն եկեղեցուց հարավ տեղակայված է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կառուցված Վաչե Վաչուտյան իշխանի որդու՝ Քուրդ Վաչուտյանի կողմից 1235 թ:
Հայոց այբուբենի հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։
Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։ Համալիրի բոլոր տառերը և արձանները քանդակվել են տուֆից: Հայոց լեզուն հնդևրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է ներկայացնում: Հայոց գիրը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Այն օգտագործվում է Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ջավախքում, Սփյուռքի հայկական գաղթավայրերում, մշակութային և հայագիտական տարբեր կենտրոններում:Հայոց մեսրոպյան գրերով ստեղծվել է հարուստ գրականություն: Այն հին, միջին ու նոր քաղաքակրթությունների գիր է և արժեքավոր ավանդ ունի համաշխարհային մշակույթի գանձարանում:
Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտումն են գտել Ամբերդ ամրոցում: Կառուցված լինելով բնականորեն լավ պաշտպանված բարձունքի վրա` Ամբերդը երկար ժամանակ ծառայել է որպես ռազմական կարևոր հենակետ: Աշխարհիկ նշանակություն ունեցող այս ամրոցի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 1026թ.-ին Վահրամ Պահլավունու կողմից կառուցված եկեղեցին:
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին գտնվում է Օշական գյուղում: Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավոր Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական, ուր երեք տարի անց՝ 443 թվականին Վահան Ամատունին մատուռ է կառուցում: Այնուհետև 1875-79 թվականներին Գևորգ IV Կաթողիկոսը հին մատուռի վայրում նոր բազիլիկ տիպի եկեղեցի է կառուցում: Եկեղեցու խորանի տակ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, իսկ արևելյան կողմին կից 1884 թվականին կառուցվել է երկհարկ գլանաձև զանգակատունը, որի մուտքը խորանից է: Հայկական ճարտարապետության մեջ այն բացառիկ է, ինչպես զանգակատան դիրքով, այնպես էլ կառուցվածքով: 1960-ական թվականներին եկեղեցին ներսից զարդարվել է որմնանկարներով նկարիչ Հ. Մինասյանի կողմից:
Կարմրավոր Ս. Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքի հյուսիսարևելյան կողմում, հին Բերդաթաղից ոչ հեռու, բարձր սարալանջի վրա: Փոքրածավալ, ներդաշնակ համաչափություններով սլացիկ շինություն է: Եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ, մատենագրական աղբյուրներում ևս որևէ հիշատակություն չկա: Կառուցվածքային հորինվածքով և ճարտարապետական մանրամասերով VII դ. կառույց է, որը մեզ է հասել գրեթե անփոփոխ, կանգուն վիճակում: Գմբեթավոր միախորան տիպի է` քառաթև հատակագծով, արևելյան թևում գտնվող միակ խորանով: Կառուցված է դարչնակարմրավուն տուֆից: Ներքուստ հարդարված է որմնանկարներով, որոնցում պատկերված են «Քրիստոսը փառքի մեջ» կոմպոզիցիան և Սուրբ հեծյալները` հայերեն մակագրություններով: Դեկորատիվ հարդարանքը զուսպ է` ճարտարապետական կերտվածքին համահունչ: Եկեղեցու ոչ մեծ չափերը (6 x 7,5 մ), հարդարանքի պարզությունը ենթադրում են, որ սա եղել է իշխանական տոհմի դամբարան: Եղել է նաև կուսանաց վանք և գործել մինչև 1813 թ.:
Զբոսաշրջիկի ապահովության եւ հարմարավետության համար ընտրված են բարձրակարգ ավտոբուսներ, որոնք համալրված են օդափոխիչներով, հեռուստացույցերով, հարմարավետ բացվող նստարաններով եւ առաջին բուժօգնության պարագաներով: Հմուտ վարորդների շնորհիվ Ձեր ուշադրությունը ամբողջովին կկենտրոնանա վայրերի ուսումնասիրության վրա: Գիշերելու համար ընտրված են տվյալ քաղաքի լավագույն հյուրանոցները:
Խմբի գիդը տուրի ընթացքում տալիս է լիարժեք տեղեկություն բոլոր վայրերի մասին, որոնք նախատեսված են երթուղով:
Տուրը իրականացվում է բացառապես մշակված երթուղիով: Ամբողջ խմբի համաձայնության դեպքում կարող են լինել բացառություններ, եթե կա ցանկություն այցելել երթուղուն մոտ գտնվող վայրեր: Հակառակ դեպքում լրացուցիչ վճարի պարագայում հնարավոր է կազմակերպել ուղեւորություն որեւէ այլ վայր ուղեկցորդի հետ միասին:
Հուշանվերներ կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են թե՛ ժամանակակից արվեստի գործեր, թե՛ հնաոճ իրեր: Դուք կարող եք գտնել հուշանվերների խանութներ Աբովյան և Թումանյան փողոցների վրա:
Արկածախնդիր, համարձակ և էքստրիմի սիրահար մարդկանց համար մենք առաջարկում ենք տուրիստական փաթեթներ, որոնք ներառում են արկածային տուրեր Հայաստանում: Հայաստանը ունի նպաստավոր պայմաններ արկածային տուրեր կազմակերպելու համար: Բնական ռեսուրսների համահունչ համադրությունը մշակութային և պատմական վայրերի հետ մեր արկածային երկիրն ավելի հարմար է դարձնում շրջագայությունը այն զբոսաշրջիկների համար, ովքեր գնահատում են բնությունը և ակտիվ ճանապարհորդության կողմնակից են: Ձեռք բերելով մեր տուրիստական փաթեթները հնարավորություն կունենաք մասնակցելու հետաքրքրիր և անմոռանալի արկածային տուրերին, որոնք ներառում են քայլարշավներ, լեռների մագլցումներ, այցելություններ քարանձավներ, ջիպ տուրեր և այլն: Սա հիանալի հնարավորություն է Ձեր՝ Հայաստան այցելությունը առավել հիշարժան դարձնելու համար:
Պատրաստվում եք այցելել Հայաստան ընտանիքի՞ հետ: Հիանալի է: Երեխաների հետ հանգստի համար Հայաստանն առաջարկում է ժամանցի մի շարք տարբերակներ՝ մանկական սրճարաններ, ժամանցային կենտրոններ, կենդանաբնական այգի, ջրաշխարհ… Հայաստանում երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա: Դա է պատճառը, որ հասարակական ցանկացած վայրում հարմարավետ հանգստի համար կտրամադրվի ցանկացած անհրաժեշտ պարագա և ծառայություն՝ մանկական ճաշացանկ, հատուկ բարձր աթոռ և այլն:
Տեսարժան և ժամանցային վայրերի մեծ մասը բաց են պետական տոների ժամանակ, եթե միայն այնտեղ չեն անցկացվում հատուկ միջոցառումներ: Որոշ տեղերի բաց լինելու ժամերն ու օրերը հաստատված են անկախ տոներից: Հետևաբար, նախքան որևէ տեղ այցելելը, շատ կարևոր և անհրաժեշտ է ճշտել՝ արդյոք բաց է նախընտրելի վայրը: Դուք կարող եք խնդրել հյուրանոցի ընդունարանի կամ տուրիստական գործակալության աշխատակիցներին օգնել Ձեզ: