Դեռևս նախապատմական ժամանակներից գինին եղել է Մերձավոր Արևելքի և Եվրոպայի  քաղաքակրթությունների անբաժանելի ուղեկիցը։ Պատմաբաններն ու հնագետները վստահ են՝ Հայկական լեռնաշխարհն իրավամբ գինու բնօրրանն է, ինչի մասին վկայում են գինու պատրաստման մեզ հայտնի հնագույն հետքերը, որոնք արդեն 6100 տարվա պատմություն ունեն։ Այս մասին չի լռում նույնիսկ Աստվածաշունչը, ըստ որի՝ Նոյն Արարատի ստորոտին իջնելուն պես տեղում տնկել է խաղողի առաջին վազն ու պատրաստել աշխարհում առաջին գինին։ Գիտությունն ու կրոնը համակարծիք են, համակարծիք ենք նաև մենք և վստահ, որ Հայաստանը մեծ ներուժ ունի դառնալու յուրահատուկ և բարձրորակ գինու արտադրության և արտահանման առաջատարներից մեկը ժամանակակից աշխարհում, ինչպես նաև հյուրընկալելու գինեսերների՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Ահա, թե ինչու ստեղծվեց «Երևանի Գինու օրեր» փառատոնն ու միավորեց այդ երկու կարևորագույն ոլորտները՝ գինեգործությունն ու զբոսաշրջությունը մեկ հարթակում։

«Երևանի գինու օրերը» յուրատեսակ հանդիպման վայր է գինեսերների ու գինեգործների համար։ Յուրաքանչյուր տարի Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ լցվում են ջերմությամբ, դրական էմոցիաներով, երաժշտությամբ, պարուրվում լույսով ու փոքր-ինչ գինովցած մարդկանց խինդով։ Այդ օրերին տեղացիներն ու զբոսաշրջիկները հնարավորություն են ստանում փորձելու հայկական տասնյակ ընկերությունների տեղական խաղողից և ոչ միայն խաղողից պատրաստված գինիներ ու համադրել դրանք համեղ պատառներով։ «Երևանի գինու օրերը» բացառիկ տոն է ոչ միայն Երևանցիների, այլև օտարերկրյա հյուրերի համար։  Մենք մեծապես կարևորում ենք զբոսաշրջության երկարաժամկետ զարգացումը Հայստանում։ Գաղտնիք չէ, որ այն որպես տնտեսական գործունեության առանձին ճյուղ ունակ է ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր, խթանել ճանապարհաշինությունը, հյուրանոցային ու ռեստորանային ոլորտը, նպաստել արհեստների և ազգային մշակույթի զարգացմանն ու ի վերջո ճանաչելի դարձնել Հայաստանն ու հայկականն ամբողջ աշխարհում։

Հայաստան եկած յուրաքանչյուր զբոսաշրջիկ, ով գինու փառատոնի շնորհիվ ծանոթանում է հայկական գինու համին, ապրանքային տեսքին ու պատմությանը, մեկ անգամ փորձելով այլևս չի մոռանում այն և ակամայից փնտրում է հայկական գինին իր երկրում, ստեղծում պահանջարկ, պատմում ու կենդանի գովազդ հանդիսանում այն գինու համար, որը շոյել է իր քիմքն ու ընդմիշտ դրոշմվել է իր հիշողության մեջ։ Արդեն մի քանի տարի շարունակ «Երևանի գինու օրերի» ընթացքում Հայաստան են ժամանում նաև գինու մատակարարներ ողջ աշխարհից և նրանց համար այս փառատոնը գինու յուրատեսակ ցուցահանդես-էքսպո է, որտեղ շնորհիվ ներկայացված մեծ գունապնակի՝ հնարավոր է համապարփակ պատկերացում կազմել Հայստանի գինու արտադրության ու հայկական գինու մասին։

Արդյունքում՝ գինու փառատոնի այս մեծ պոտենցիալն ու ժամանակակից բիզնես աշխարհի պահանաջները և մարտահրավերները որպես հնարավորություն դիտարտարկելով՝ կարող ենք մեծացնել հայկական և արցախյան գինու արտահանումը և միջազգային հարթակներում ներկայանալ հայկական գինու բարձրորակ արտադրությամբ, հայ գինեգործների հմտությամբ ու տեղական խաղողի էնդեմիկ տեսակների բազմազանությամբ։

Մենք վստահ ենք, որ միասին կարող ենք ստեղծել ամուր տնտեսություն, կարող ենք դարձնել Հայաստանն աշխարհի գինեսերների ամենասիրելի ուղղություններից  մեկն ու այդ ամենը Երևանի սրտում՝ մեկ բաժակ իսկական հայկական գինու շուրջ։